Նորություններ :

Nostalgie: Կարլո Անչելոտտի

2/12/12

Միլանի պատմության, ինչպես և մյուս գրանդ ակումբների պատմության մեջ, տաղանդավոր և լեգենդար անհատականություններ շատ կան: Հիշելով Միլանի պատմության մեծերին, կարելի է նշել Ջանի Րիվերային, Ֆրանկո Բարեզիին, Պաոլո Մալդինիին և շատ ու շատ ուրիշներին: Որպես լեգենդար մարզիչներ, երկրպագուների հիշողության մեջ առաջնային տեղ են զբաղեցնում Ներեո Ռոկկան, Արիգո Սակկին, Ֆաբիո Կապելլոն և այլք:
Այսօր մենք ցանկանում ենք պատմել մի մարդու մասին, ով իր մարզչական հմտություններով փոխեց Միլանը և դարձրեց այն գրեթե անկասելի. այդ մարդը Կարլո Անչելոտտին է:
Կարլո Անչելոտտին, բավականին հետաքրքիր ճանապարհ է անցել իր կարիերայի ընթացքում: Նրա մասին կարելի է նույնիսկ գիրք հրատարակել և հաջողություն ունենալ: Սակայն նրա մասին գիրք արդեն գոյություն ունի և այն գրված է հենց Անչելոտտիի ձեռքով: Գիրքը կոչվում է <<Իմ ընտրությունը գավաթն է>>, որտեղ մանրամասն ներկայացված է Անչելոտտիի մարզչական կարիերան` իր վերելքներով ու անկումներով: Մենք կփորձենք ներկայացնել նրա մարզչական կարիերան, բայց շեշտը, անկասկած, կդնենք Միլանում անցկացրած տարիների վրա:
Կարլո Անչելոտտին, ծնվել է 1959թ. հունիսի 10-ին: Նա մասնակցել է 1986 և 1990 թվականների աշխարհի առաջնություններին Իտալիայի Ազգային հավաքականի կազմում և խփել մեկ գոլ: Նրա ֆուտբոլային կարիերայում` որպես ֆուտբոլիստ, եղել է ընդամենը երեք նշանավոր ակումբ. դրանք են` Պարման, Ռոման և Միլանը: Ընդհանուր առմամբ, Անչելոտտին խաղացել է 338 հանդիպում և խփել 35 գոլ:
Երբ նա արդեն 33 տարեկան էր` որոշեց հրաժեշտ տալ մեծ ֆուտբոլին, որպես ֆուտբոլիստ, և սկսեց կերտել իր մարզչական ապագան: Իր նման որոշումը մեկնաբանեց այսպես. <<Ես չափազանց շատ գավաթներ եմ հաղթել և ցավերով դուրս գալ խաղադաշտ այդ տարիքում անիմաստ կլիներ: Չէի ցանկանա հիասթափվել այն աշխատանքից, որը ես շատ եմ սիրում>>:
Կարլո Անչելոտտին, իր մարզչական կարիերան սկսեց իտալական Ռեջջինայում և հենց այդ տարի էլ Ռեջջինան հայտնվեց Ա սերիայում:
Այնուհետև, երբ Կարլոն արդեն մարզում էր Պարման, թիմը Ա սերիայում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը. դա արդեն նվաճում էր: Այդ ժամանակ Պարմայում էին հանդես գալիս Ջանլուիջջի Բուֆոնը և Ֆաբիո Կանավարոոն: Վերջինս 10 տարի հետո հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ <<Չկա մի ուրիշ անձնավորություն, ով Անչելոտտիից լավ հասկանա ֆուտբոլիստներին: Նա մեզ համար և ընկեր էր, և հայր>>:
Պարմայից հետո Անչելոտտին դարձավ <<Ծեր Սենիորայի>>` Յուվենթուսի մարզիչը: Բնականաբար, նրանից միայն հաղթանակներ էին սպասում: Սակայն այդ առաջնությունում հաղթեց Լացիոն, իսկ հաջորդ տարի էլ` Ռոման: Յուվենթուսը երկրորդն էր: 2001 թվականին Անչելոտտին հեռացավ Յուվեից:
Ընդամենը վեց ամիս հետո Կարլոն դարձավ Միլանի գլխավոր մարզիչը: Անդրեյ Շեվչենկոն Ա սերիայի <<դիպուկահարից>> վերածվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Անդրեա Պիրլոն դարձավ Միլանի ամենաառանցքային ֆուտբոլիստը, և դա, անկասկած, հաջողություն բերեց թմին:
<<Այդ տղան նման էր ինձ, երբ ես դեռ ֆուտբոլիստ էի: Դժվար էր Պիրլոյին համոզել փոխել իր դիրքը խաղադաշտում. նա կարծում էր, որ այդ գոտին չափազանց անհետաքրքիր է և անարդյունավետ: Ինձ հաջողվեց Պիրլոյին ապացուցել հակառակը>>, - հարցազրույցներից մեկում հայտարարել էր Անչելոտտին:
Միլանը, Անչելոտտիի գլխավորությամբ, 7 երկար տարիներ Եվրոպայում համարվում էր ամենահզոր ակումբը: Այդ տարիների ընթացքում Միլանը, Չեմպիոնների Լիգայում 4 անգամ հայտնվեց կիսաեզրափակիչում և 3 անգամ էլ` եզրափակիչում: 2007թ. Անչելոտտին նվաճեց տարվա լավագույն մարզչի տիտղոսը: 2008-2009 թվականների առաջնությունից հետո Անչելոտտին հեռացավ Միլանից և տեղափոխվեց անգլիական Չելսի, իսկ 2011թ. տեղափոխվեց ՊՍԺ:
Եվ ինչքան էլ Կարլոն հայտարարի, որ Իտալիա կվերադառնա միայն Ռոման մարզելու պարագայում, միևնույն է Միլանի երկրպագուները սպասում են նրան և հավատում, որ այդ օրը գալու է: Նրանց միջև հանդպումը կկայանա դեռ, իսկ այժմ հաջողություն մաղթենք Անչելոտտիին ՊՍԺ-ում:
Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.