Նորություններ :

Nostalgie: Ֆրանկո Բարեզի (Տեսանյութ)

4/2/12

Ֆրանկո Բարեզին ծնվել է 1960թ. մայիսի 8-ին Իտալիայի Տրավալիստո քաղաքում: Ֆրանկո Բարեզին համարվում է մոլորակի լավագույն պաշտպաններից մեկը: Նա երկար տարիներ հանդես է եկել իտալական Միլանում, և եղել է ռոսսոներիների անփոխարինելի ավագը: Ավագի պաշտոնում հետագայում նրան փոխարինեց մեկ այլ լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին: Ընդհանրապես, այս երկու լեգենդար ֆուտբոլիստների կարիերան չափազանց բազմաբովանդակ է և նմանատիպ:
Ֆրանկո Բարեզին իր ամբողջ կարիերան անց է կացրել Միլանում` մասնակցելով 537 հանդիպման և խփելով 16 գոլ: Ցուցանիշ, որը բավականին տպավորիչ է պաշտպանի համար: Ֆրանկոն հանդես է եկել 6 համարի մարզաշապիկով, և Միլանի կազմում 6 անգամ հաղթել սկուդետտոն և երեք անգամ Չեմպիոնների լիգան: Իր կարիերայի վերջին տարիներին կենտրոնական պաշտպանական գոտում նրա անբաժան գործընկերը եղել է Պաոլո Մալդինին, ով շատ բան է սովորել Ֆրանկոյից:
Ֆրանկո Բարեզին իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1997թ. 37 տարեկան հասակում: Այստեղ հարկ է հիշատակել նաև Ֆրանկո Բարեզիի եղբորը` Ջուզեպպե Բարեզիին, ով երկար տարիներ շարունակ եղել է Միլանի գլխավոր հակառակորդ Ինտերի անփոխարինելի ավագը:
Մինչ օրս էլ, Միլանի երկրպագուները հիշում են Ֆրանկո Բարեզիի հիասքանչ ելույթները Միլանում և հաճախ են պաստառներ ցուցադրում` Բարեզիին գովերգող խոսքերով և պատկերներով: Այո, իսկապես Ֆրանկո Բարեզին 20-րդ դարի լավագույն պաշտպաններից մեկն էր ամբողջ աշխարհում և համարվում էր իտալական պաշտպանության հիմնասյունը:
Ֆրանկո Բարեզին հավերժ կմնա ռոսսոներիների սրտերում և հիշողության մեջ: Սան-Սիրո մարզադաշտում երկրպագուները հաճախ են վանկարկում` <<Ֆորզա Միլան, Ֆորզա Բարեզի>>:
                        

Share this Article on :
 

© Copyright BlogRossoneri 2011 -2012 | Powered by Blogger.com.