Այսօր կայացավ Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի Պալերմո - Միլան հանդիպումը: Հենց առաջին րոպեներից Միլանը բավականին սուր գրոհներ էր կազմակերպում: Հանդիպման սկզբում արդեն Միլանի գրոհները կարող էին պսակվել գոլով, սակայն հարվածները չնչին շեղությամբ դուրս էին անցնում դարպասի մատույցներից:
Ի վերջո, հանդիպման 21-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը բացեց խաղի հաշիվը` առաջ մղելով Միլանին: Տաս րոպե անց շվեդ հարձակվողը խփեց իր երկրորդ գոլը: Շատ չանցած` խաղի 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածով Զլատան Իբրահիմովիչը գրավեց մրցակցի դարպասը` դառնալով հետտրիկի հեղինակ: Անկասկած, արդեն պարզ էր, որ հանդիպման հերոսը հենց Զլատան Իբրահիմովիչն է: Առաջին խաղակեսն ավարտվեց Միլանի բացահայտ առավելությամբ:
Երկրորդ խաղակեսը նույնպես սկսվեց Միլանի վտանգավոր գրոհներով: Տան տերերը այդպես էլ չկարողացան լրջորեն անհանգստացնել Աբիատիի պաշտպանած դարպասը: Օգտվելով Պալերմոյի անկարողությունից Միլանի ֆուտբոլիստները շարունակում էին կրակի տակ պահել մրցակցի դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին անկյունային հարվածի իրավունք ստացան հյուրերը, որի իրացումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ ռոսսոներոների պաշտպան Տիագո Սիլվան` հանդիպման հաշիվը դարձնելով 4-0: Պալերմոն կարծես թե ջախջախված էր:
Հանդիպումն ավարտվեց Միլանի փայլուն հաղթանակով, և այժմ թիմը 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: