Երեկ Սան-Սիրո մարզադաշտում տեղի ունեցած Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումը Միլանի և Արսենալի միջև չափազանց ուրախացրեց Միլանի երկրպագուներին: Դիտելով հանդիպումը, կարելի էր մտածել, որ Արսենալը խաղադաշտ ընդհանրապես դուրս չէր եկել. Միլանի ֆուտբոլիստները ուղղակի չէին թողնում, որպեսզի հակառակորդը մոտենա իր դարպասի մատույցներին: Այս հանդիպումը Միլանը գերազանց անցկացրեց` խփելով չորս անպատասխան գնդակ Արսենալի դարպասը:
Առաջին գոլը Միլանը խփեց արդեն 15-րդ րոպեին, երբ Նոչերինոյի փոխանցումից աչքի ընկավ վերջերս շարք վերադարձած Բոատենգը` 1-0: Խաղը շարունակում էր ընթանալ Միլանի բացահայտ առավելությամբ և 38-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռոբինիոն` հաշիվը դարձնելով 2-0: Այս հաշվով էլ ավարտվեց առաջին խաղակեսը:
Երկրորդ խաղակեսը ևս սկսվեց Միլանի վտանգավոր և արագ հակագրոհներով: Արդյունքում, 49-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո իր երկրորդ գոլը խփեց Ռոբինիոն` ձևակերպելով դուբլ: Միլան 3 - 0 Արսենալ: Արսենալը անմխիթար վիճակում էր և կարծես, խաղը կարելի էր ավարտել: Սակայն 79-րդ րոպեին Արսենալը իր տուգանային հրապարակում խախտեց կանոնները և նշանակված 11 մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Զլատան Իբրահիմովիչը` խաղի հաշիվը դարձնելով 4-0:
Հանդիպումը ավարտվեց Միլանի ջախջախիչ հաղթանակով, և ռոսսոներոները լուրջ հայտ ներկայացրեցին Չեմպիոնների Լիգայի հաջորդ փուլ դուրս գալու համար: Սա երկու թմերի առաջին հանդիպումն էր: Երկրորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին` Արսենալի հարկի տակ: