Ժամանակակից ֆուտբոլը ոչ միայն աշխարհի առաջատար մարզախաղերից է, այլև վերածվել է հասարակական երևույթի:
Ֆուտբոլի արմատները գալիս են հին դարերից: Պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են Ք.Ա. 2500 թվականից: Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում: Օրինակ` Հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը: Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլը հիշեցնող խաղ, թվագրված է Ք.Ա 180 թվականով: Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները. գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի` յուրաքանխյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից: Միաժամանակ, մրցակիցներին թույլատրվում է ձեռքով խաղը, որն արդի ռեգբիի հատկանշական տարրերից է:
Մինչ այսօր Իտալիայում պահպանվել է միջնադարյան <<կալ չիե>> խաղը, որը, ըստ ավանդույթի, տարին երկու անգամ` մայիսի առաջին կիրակի օրը և հունիսի 24-ին, խաղացել են Ֆլորենցիայում: Թիմերը կրել են <<Բյանկա>> (սպիտակներ) և <<Ռոսսի>> (կարմիրներ) անունները:
Յուրաքանչյուր թմում ընդգրկվել է 27-ական խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները` պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով:
Ֆուտբոլի պատմության գիտակները հաստատում են, որ ժամանակակից ֆուտբոլը ծագել է բրիտանական կղզիներում: Դեռևս 19-րդ դարում այստեղ ընդունված ոտքերով խաղն իր բովանդակությամբ բավականաչափ հիշեցնում էր այսօրվա ֆուտբոլը: